Արևմուտքի գլխավոր նպատակն է Ռուսաստանի` որպես մեծ տերության վերացումը. Դմիտրի Տրենին

dmitri trenin

Մոսկվայի «Կարնեգի» հիմնադրամի տնօրեն, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Դմիտրի Տրենինը ՌԴ Զինված ուժերի «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում ուկրաինական պատերազմի համատեքստում անդրադարձել է Ռուսաստան-Արևմուտք առճակատմանը` նշելով, որ երկու ուժային կենտրոնների միջև հարաբերություններն այժմ «վերջնականապես ավերված են»:

Տրենինի կարծիքով՝ Ռուսաստանի և Արեւմուտքի հարաբերությունները, որոնք անշեղորեն վատթարացել են նախորդ տասնամյակում, այժմ վերջնականապես ավերված են. «Ի պատասխան Ուկրաինայում գործողություններին՝ Արևմուտքը սպառնում է Ռուսաստանին վերածել միջազգային վտարյալի, հետևողականորեն արգելափակում է նրա արտաքին տնտեսական հարաբերությունները, փորձում է ազդել ռուսաստանյան հասարակության վրա՝ ՌԴ-ին արտաքին աշխարհից մեկուսացնելու միջոցով»։

Նա նշում է, որ ԱՄՆ-ի շուրջ Արևմուտքի համախմբման ֆոնին մերձենում են նաև Ռուսաստանն ու Չինաստանը։ «Գլոբալիզացիան փոխարինվում է ռեգիոնալիզացիայով (տարածաշրջանայնացմամբ), աշխարհը տրոհվում է ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական և տեխնոլոգիական հակադիր բլոկների»,- ասել է քաղաքագետը։

Նա անխուսափելի է համարում Ռուսաստանի Դաշնության «վերաթողարկումը»: Կառավարության հիմնական ջանքերն ուղղվելու են բոլոր ռեսուրսների մոբիլիզացմանը և տնտեսական ազատությունների առավելագույն ընդլայնմանը երկրի ներսում՝ միաժամանակ աջակցություն տրամադրելով սոցիալապես անապահով խավերին։

Տրենինը միանշանակ անհանար է համարում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վերադարձն անցյալի ստատուս քվոյին` լինի դա մինչև 2022-ի փետրվար, թե մինչև 2014-ի փետրվար։

«Արևմուտքի գլխավոր նպատակը ոչ միայն Ռուսաստանում քաղաքական ռեժիմի փոփոխությունն է, այլև Ռուսաստանին որպես մեծ, անկախ սուբյեկտի վերացումը համաշխարհային թատերաբեմից։ Ռուսաստանի գլխավոր նպատակն է դառնալ ինքնաբավ, Արևմուտքից տնտեսապես, ֆինանսապես և տեխնոլոգիապես անկախ մեծ տերություն, ձևավորվող նոր բազմակենտրոն աշխարհակարգի կենտրոններից և առաջնորդներից մեկը:

Օբյեկտիվորեն, Ռուսաստանի շատ նպատակներ համընկնում են մի շարք ոչ արևմտյան պետությունների մտադրությունների հետ։

Ըստ Տրենինի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի սուր առճակատումը, ինչպես նաև Ամերիկայի և Չինաստանի միջև աճող հակասությունները կարող են հանգեցնել նոր տիպի դաշինքի ձևավորման՝ «առանց սահմանների», բայց նաև Ռուսաստանի և Չինաստանի միջև առանց խիստ պարտավորությունների։

Նրա խոսքով՝ Հնդկաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ համակրանքի վաղեմի ավանդույթների վրա։ Հնդկաստանի նշանակության ու դերի աճն աշխարհում բխում է Ռուսաստանի շահերից։

Ակտիվ դիրք գրավելով ՄԱԿ-ում և նրա ինստիտուտներում՝ Մոսկվայի համար իմաստ ունի ավելի շատ կենտրոնանալ ոչ արևմտյան երկրների՝ BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, Հնդկաստանի և Չինաստանի հետ համագործակցության, ինչպես նաև այն կազմակերպությունների վրա, որոնցում Ռուսաստանը առաջատար դեր է խաղում»,- կարծում է ռուս քաղաքագետը։

Հիբրիդային պատերազմի պայմանները, նրա կարծիքով, մեծ հնարավորություններ չեն ընձեռում ոչ բարեկամ պետությունների՝ Ռուսաստանի փաստացի թշնամիների հետ համագործակցության համար։ «Այնուամենայնիվ, արժե հնարավորինս պահպանել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունությունը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների հետ վտանգավոր ռազմական միջադեպերի կանխարգելումը։

Ըստ Տրենինի՝ ուկրաինական ուղղությամբ ռազմական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության խնդիրը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր հարաբերությունների ձևավորումն է՝ հուսալիորեն բացառելով Ուկրաինայի վերածումը Ռուսաստանի անվտանգության սպառնալիքի։

Մեկնաբանել