Զելենսկին Բայդենին հորդորել է պատժամիջոցներ չկիրառել Աբրամովիչի նկատմամբ․ Wall Street Journal

Roman Abramovich

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորել է ժամանակավորապես սահմանափակող միջոցներ չկիրառել ռուս գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա կարող է օգնել Ռուսաստանի հետ բանակցություններում, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ մարտի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր պատրաստել Աբրամովիչի դեմ, սակայն, երբ եկել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային զուգահեռ միջոցներ հայտարարելու ժամանակը, Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը ֆինանսների նախարարությանը խնդրել է ձեռնպահ մնալ միջոցառումներից։

Ըստ Wall Street Journal-ի աղբյուրների՝ պատճառն այն է, որ Զելենսկին վերջերս կայացած հեռախոսազրույցում Բայդենին հորդորել է հետաձգել պատժամիջոցները հրեական ծագումով ռուս օլիգարխ Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա կարող է կարևոր միջնորդ լինել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում:

Աբրամովիչի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նրա մասնակցությունը բանակցային գործընթացին։ «Ինչպես ավելի վաղ ասվել է, հիմնվելով ուկրաինական հրեական կազմակերպությունների խնդրանքների վրա՝ նա անում է ամեն ինչ՝ աջակցելու խաղաղության արագ վերականգնմանն ուղղված ջանքերին»,- թերթին ասել է Աբրամովիչի ներկայացուցիչը։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մարտի 10-ին պատժամիջոցներ են սահմանել ռուս յոթ գործարարների, այդ թվում՝ բրիտանական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։ Ավելի ուշ Աբրամովիչի դեմ պատժամիջոցներ սահմանեց նաև Եվրամիությունը։

Մեկնաբանել