Իտալիայի ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի հետնորդները տվել են նրա աճյունն արտաշիրիմելու համաձայնություն, հայտարարել է Գարիբալդիի ծոռը՝ Անիտա Գարիբալդին, որը վստահ է՝ շիրիմն արդեն վաղուց դատարկ է:
«Սեպտեմբերին մենք կբացենք շիրիմն ու կտեսնենք՝ այնտեղ է աճյունը, թե ոչ»,- մամուլի ասուլիսում ասել է Անիտա Գարիբալդին: Նշենք, որ երկու տարվա ընթացքում հերոսի աճյունն արտաշիրիմելու վերաբերյալ բանակցություններ են վարվել Գարիբալդիի մյուս ազգականների հետ:
Անիտան, իր հերթին, բազմիցս դիմել է իշխանություններին՝ խնդրելով արտաշիրիմել հայտնի ազգականի մարմինը՝ պատճառաբանելով, որ ինքը՝ Գարիբալդին, ցանկանում էր մահից հետո կրեմացիայի ենթարկվել:
BBC-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մշակույթի նախարարությունը Գարիբալդիի մարմնի արտաշիրիմում անցկացնելու հավանություն է տվել:
Իտալիայի ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդին վախճանվել է 1882թ․ հունիսի 2-ին: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ մահից տասն օր անց նրա մարմինը բալզամացվել և ամփոփվել է իտալական Կապրերա կղզում գտնվող ընտանեկան գերեզմանոցում: