Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել

Կառավարության մարտի 24-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելող քայլերին՝ տեղեկացնելով, որ բացի Սոթք-Խոզնավար հատվածից, Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել։

«Մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը։ Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական հետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով, երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը։