Կառավարությունը կփոխհատուցի լաստանավով բեռնափոխադրումները

Փոթիի նավահանգիստ

Հայաստանի կառավարությունը որոշել է լաստանավով դեպի Հայաստան արտահանման ու ներմուծման դեպքում փոխհատուցել տնտեսվարողների համար լաստանավի ծախսերը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մարտի 24-ի նիստում։

Բեռնափոխադրումների դեպքում Լարսի անցակետի փակ լինելը կամ գերծանրաբեռնվածությունը, ըստ էկոնոմիկայի նախարարության հիմնավորման, պատճառ են դառնում, որ օրական 250 000 դոլարի արտահանում չիրականացվի։ «ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար և 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար և 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Այդ թիվն ավելի է աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։ Փոխադրողները Հայաստանից տարեկան առնվազն 10 000 անգամ անցնում են Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ»,- նշված է էկոնոմիկայի նախարարության հիմնավորման մեջ։ Նախարարությունն առաջարկում է, որ կառավարությունը լաստանավով կատարված բեռնափոխադրումների ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել։

Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ լաստանավով փոխադրման ծավալը մեկ ամսում կարող է կազմել 10 միլիոն դոլար։ Սուբսիդավորումը առայժմ տեղի կունենա վեց ամսով։

Կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ բեռնափոխադրումն իրականացվելու է շաբաթական երկու անգամ Փոթի – Պորտ Կավկազ երթուղով։ Սա, ըստ նախարարի, թույլ կտա էապես ավելացնել պարենային անվտանգությունն ու ապրանքների մրցունակությունը։

Մեկնաբանել