Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է «Արցախի ինքնիշխանության ու անվտանգության երաշխավորի իր պարտավորությունից»։ Մարտի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նա կարծիք հայտնեց նաև, որ «իշխանությունը ցանկանում է Թուրքիայի հետ փաստաթուղթ ստորագրել»։
«Հայաստանը հրաժարվում է Արցախի ինքնիշխանության, անվտանգության երաշխավորի իր պարտավորությունից։ Այս իմաստով մտահոգությունը շատ խիստ է։ Իրավիճակը պարզ է՝ մենք ասում ենք՝ ապագա չկա զիջելով, իրենք ասում են՝ ապագա կա՝ զիջելով»,- ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմությունը մտահոգված է, որ իշխանությունը փաստաթուղթ է քննարկվում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։
«Մենք այդ մտահոգությունն ունենք, որ նաև Թուրքիայի հետ քննարկվում է ու գոյություն ունի փաստաթուղթ, հակառակ դեպքում, ամեն անգամ, եթե հավաքվում են, ինչից են խոսում։ Եթե բանակցությունները շարունակական բնույթ են կրում, ապա ենթադրվում է, որ կա փաստաթուղթ, որը քննարկվում է»,- նշեց պատգամավորը։ Նրա կարծիքով՝ ներկա իրավիճակում «ցանկացած փաստաթղթի ստորագրում լինելու է ոչ թե հաշտության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիա»։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընդդիմությունը ցանկանում է իրականացնել համաժողովրդական դիմադրություն։ «Այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Այսքանով եկեք սահմանափակվենք. առաջիկայում դուք կոնկրետ գործողություններ կտեսնեք»,- ամփոփեց ԱԺ փոխխոսնակը։
Գևորգ Թոսունյան