Գազամատակարարման վերականգնման շուրջ բանակցությունները շարունակվում են․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Արցախի կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն»,- ասված է հայտարարությունում։

Շտաբից տեղեկացնում են, որ ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

***

Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Մեկնաբանել