Ադրբեջանը խախտել է շփման գիծը, Խրամորթից տարհանվել են կանայք ու երեխաները

խրամորթ

Արցախի Խրամորթ գյուղի կանայք ու երեխաները կրկին տարհանվել են, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»:

Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել էին նաև մարտի 15-ին՝ ադրբեջանական զինուժի կողմից գյուղի ուղղությամբ ականանետերի կիրառումից հետո։ Ավելի ուշ, երբ գյուղի մատույցներում արդեն տեղակայված էին ռուս խաղաղապահներ, նրանք վերադարձել էին։

Մեկնաբանել