Խրամորթում գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել 

artsakh nk

Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել․ այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Հայկ Ղազարյանը Խրամորթից։

Ըստ Ղազարյանի՝ ադրբեջանցիները Փառուխ գյուղի ուղղությամբ առաջ են շարժվել։ «Եթե բարձունքները վերցնեն, դրանք գերակա դիրք ունեն հարակից գյուղերի՝ Նորագյուղի, Խնապատի նկատմամբ»։

Իր հերթին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։

«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում»,- հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»:

Մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։

Մեկնաբանել