Ադրբեջանական զինված ուժերի շարժն Արցախում այս պահի դրությամբ կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»,- ասված է շտաբի հայտարարությունում։
***
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: