Գիշերն Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ․ ՊԲ

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

«Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության բանակը հաստատում է, որ մարտի 24-ին ադրբեջանական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,- նշում է ՊԲ-ից։

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Ադրբեջանական զինված ուժերի շարժն Արցախում ժամը 21:00-ի սահմաններում կասեցվել է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։