Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորվել է ՊԲ հինգ զինծառայող

Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Վիրավոր զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղեկատվական շտաբը նաև տեղեկացնում է, որ Արցախի իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են` Փառուխ ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:

«Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար: Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախում ակնկալում են, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի «իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»:

***

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Ադրբեջանական զինված ուժերի շարժն Արցախում ժամը 21:00-ի սահմաններում կասեցվել է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Մեկնաբանել