Շոյգուն և Հասանովը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի կայունացման հեռանկարները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները»,- ասված է հաղորդագրությունում։

Շոյգուն և Հասանովը նաև կարծիքներ են փոխանակել խաղաղապահների պատասխանատվության գոտում հումանիտար իրավիճակի շուրջ:

Ավելի վաղ՝ մարտի 24-ի երեկոյան Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

***

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Ադրբեջանական զինված ուժերի շարժն Արցախում ժամը 21:00-ի սահմաններում կասեցվել է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող։

Մեկնաբանել