Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները ոտնահարելու կապակցությամբ շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ:

«Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ փետրվարից Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։ Ներկայացվել է նաև մարտին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների նկատմամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի արդյունքում վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից»,- ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրությունում։

Հայաստանն Եվրոպական դատարանից պահանջում է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։

Մարտի 25-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է նաև Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված վերը նշված խախտումներին։