Արցախի հայերը ցրտի մեջ, իսկ ՄԱԿ-ը տոն է նշում Շուշիում․ Էրիկ Հակոբյան

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է բռնազավթված Շուշիում ՄԱԿ-ի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը։

Խոսենք բռնազավթված Շուշիում ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակի անօրինական կոնֆերանսի մասին։

Ալիևի վարչակարգը մշտապես ջանքեր է գործադրում միջազգային կազմակերպություններին կամ լրատվամիջոցներին բռնազավթված Շուշի ու Հադրութի շրջան բերելու ուղղությամբ՝ լեգիտիմացնելով այն, ինչ արեցին տարիուկես առաջ, այն է՝ հայ բնակչության էթնիկ զտումներն ու ցեղասպանության փորձը։

Անցնենք այն անձին, որը կայացրեց այս կոնֆերանսը Շուշիում անցկացնելու որոշումը և որը Ալիևի թագավորությունում ղեկավարում է ՄԱԿ-ի գրասենյակը՝ Վլադանկա Անդրեևային։

Նա Հյուսիսային Մակեդոնիայից է, դիվանագետ չէ, այլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասնագետ՝ քաղաքականությունից հեռու մեկը։ Ինչպես գիտենք, ՄԱԿ-ում իրենից արժեք ներկայացնող դիվանագետը չի ցանկանա նշանակվել Ադրբեջանի, Թուրքմենստանի և նման այլ բռնապետական երկրներում, ուստի նման պաշտոնին համաձայնելու համար գտնվում են ավազանի հատակում գտնվող մարդիկ, որոնք պատրաստ են նման աշխատանքի։

Նայենք Վլադանկայի լինկդինյան էջը, որտեղ նշված են նրա համար կարևոր արժեքները, և առաջինը ցուցակում՝ երեխաներն են։ Ապրես, Վլադանկա, իսկ ի՞նչ կասես ԱՅՍ երեխաների մասին, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Շուշիում։

Վլադանկայի համար կարևոր արժեքների շարքում հաջորդը մարդու իրավունքներն են։ Գիտե՞ս, որ քաղաքում, որտեղ անցկացրեցիր քո կոնֆերանսը, մարդու իրավունքների սոսկալի խախտումներ են տեղի ունեցել, ինչպիսին քաղաքացիական անձանց ու ռազմագերիների սպանություններն են։

Երրորդը, որ կարևոր է Վլադանկայի համար, քաղաքացիական իրավունքներն են և սոցիալական քայլերը։ Ենթադրում եմ՝ նույնիսկ քեզ նմանը արդեն հասկացել է, որ Ալիևի թագավորությունում քաղաքացիական իրավունքներ գոյություն չունեն, իսկ սոցիալական քայլերի մասին խոսելիս ցանկացած նման քայլ տանում է ուղիղ բանտ։ Հարցս քեզ՝ ի՞նչ ես արել Բաքվի բանտախցերում տարիներով փակված քաղաքական այլախոհնեերի համար։ Չնայած կարող ես չպատասխանել, ակնհայտ է։

Անցնենք ՄԱԿ-ին՝ որպես քաղաքական մարմնի։

Ինչո՞ւ է Վլադանկան դեռ պաշտոնավարում և չի հեռացվել․ քանի որ նա խախտել է ՄԱԿ-ի օրենքներն ու կանոնները, այդ թվում՝ չխառնվելու մոտեցումը, որոնք ՄԱԿ-ն օգտագործել է տարիներ շարունակ՝ Արցախում մարդասիրական բնույթի որևէ գործ չանելու համար։ Մենք սպասում ենք նրա պաշտոնանկությանը, որքան շուտ, այդքան լավ։

Անցնենք Հայաստանի իշխանությունների՝ այս իրադարձությանն արձագանքին։

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան հրավիրվեց ԱԳՆ, որտեղ նրան հանձնվեց բողոքի նամակ, սակայն պարզ ասած՝ դա բավարար չէ։

Հարց՝ ինչու՞ է տիկին Փիթերսը դեռ երկրում։ Նրան պետք է խնդրեին հեռանալ, եթե երկու պայման չկատարեր՝ մեկ, տիկին Վլադանկան պաշտոնանկ է արվում Բաքվում, և ՄԱԿ-ը պաշտոնապես ներողություն է խնդրում Հայաստանից, կամ Հայաստանն է պաշտոնապես ներողություն պահանջում։ Սա կարող է ծայրահեղ թվալ, սակայն ինչպես չինական ասացվածքն է ասում՝ սպանում ես հավերին, որպեսզի վախեցնես կապիկներին։

Իսկ երբ խոսում ենք միջազգային ասպարեզում անարժեք հավերի մասին, ՄԱԿ-ից ավելի անարժեք հավ աշխարհում չկա։ Չնայած ՄԱԿ-ը բավական շատ աշխատանք է կատարում մարդասիրական ճակատում, երբ խոսքը քաղաքականությանն ու մարդու իրավունքներին է հասնում, նրանց անարժեք անվանելը անգամ վիրավորանք է այլ անարժեք կազմակերպությունների հանդեպ։

Լավագույն օրինակը, թե որքան կոռումպացված ու դեգեներատ է ՄԱԿ-ը․ պետք է ընդամենը հիշել, որ Բաքվի բռնապետի տիկին «Քրուելլա դե Վիլը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է։ Մի երկրի փոխնախագահ, որը ոչնչացրել է ավելի շատ մշակութային ժառանգություն, քան Տալիբանը կամ Իսլամական պետությունը՝ միասին վերցրած։ Սրանով ամեն ինչ ասված է։

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը այս ամենին՝ պաշտոնական, ուժեղ ու հստակ։

Առաջին՝ Բաքվում պաշտոնանկ պետք է արվի Վլադանկան։

Երկրորդ, ՄԱԿ-ը պաշտոնապես ներողություն պետք է հայցի։

Եթե մեր կառավարությունը պատրաստ չէ ուժեղ քայլերի ու ՄԱԿ-ի ներկայացուցչին երկրից վտարելուն, մենք պետք է հանրային պախարակման արշավ սկսենք, որտեղ մեր կազմակերպություններն ու կառույցները, հատկապես քաղհասարակության ներկայացուցիչները, հրաժարվեն հանդիպել ու որևէ կերպ արձագանքել ՄԱԿ-ի քաղաքական ներկայացուցիչներին։ Իհարկե, խոսքս իրենց ամենօրյա աշխատանքը կատարող մարդկանց մասին չէ։

Եթե նրանք պատրաստ չեն կատարել այս շատ պարզ պահանջները, ես անձամբ կհրաժարվեմ մասնակցել նրանց կոնֆերանսներին, ինչի համար անցյալ տարի հրավիրվել էի ելույթ ունենալու։

Մենք պետք է սկսենք պիտակավորման արշավ (price tag campaign)․ հանրային որևէ գործիչ, որևէ մեկը, որ ինչ-որ կերպ կնպաստի Արցախում հայերի էթնիկ զտման քաղաքականությանը, պետք է թիրախավորվի, իհարկե ոչ բռնի միջոցներով, ու հանրային ամոթանքի ու պարսավանքի առարկա դառնա մինչև կյանքի վերջ։ Կարող ենք սկսել տիկին Վլադանկայից ու նրա ընկերներից։

Ես ինքս սոցիալական մեդիայի իմ էջերում կտրամադրեմ հղումներ և այն բոլոր մարդկանց էլփոստի հասցեները, որոնք մասնակցեցին ու թույլ տվեցին, որ այդ կոնֆերանսը տեղի ունենա, և կխնդրեմ բոլորիդ քաղաքավարի, սակայն հստակ գրել նրանց ու հայտնել ձեր կարծիքը նրանց ու քայլերի մասին։

Մենք բոլորս ամբողջ աշխարհում վճարում ենք հարկեր ու այդ կերպ՝ նաև նրանց աշխատավարձերը։ Նրանք պե՛տք է մեզ լսեն ու արձագանքեն։

Մեկնաբանել