Ռուսաստանի գլխավոր շտաբը Ուկրաինա ներխուժումից ի վեր երկրորդ անգամ հրապարակել է մարտական կորուստների մասին տվյալները՝ 1351 զոհ, 3825 վիրավոր։
«Ցավոք, հատուկ ռազմական գործողության ընթացքում մեր զինակիցների շրջանում կորուստներ կան․ մինչ օրս զոհվել է 1 351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը»,- ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը այսօր կայացած ճեպազրույցում։
Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։
Մարտի 2-ին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ փետրվարի 24-ից Ուկրաինայում 498 ռուս զինծառայող է զոհվել։
Ուկրաինան պնդում է, որ սպանվել է ավելի քան 14 000 ռուս զինծառայող։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս թվերը։