Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել․ Արայիկ Հարությունյան

Արցախի ԱԽ նիստ

Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մարտի 25-ին հրավիրած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։

Հարությունյանը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը:

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։