Խուճապի առիթ չկա, կան լուրջ մտահոգություններ․ Արցախի ԱԺ փոխխոսնակ 

Եկեք, նախ, չսրենք իրավիճակը և ժողորվրդի մեջ խուճապ չմտցնենք։ Խուճապի առիթ չկա, կան լուրջ մտահոգություններ ադրբեջանական ոտնձգությունների պատճառով․ ՍիվիլՆեթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Ազգային ժողովի փոխխոսնակ, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Գագիկ Բաղունցը։

«Բնակչությունը պետք է հազմոված լինի, որ հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի վերադարձվի նախկին վիճակին»- ՍիվիլՆեթին ասաց նա։

Պատգամավորը նաև ասաց, որ այսօր Արցախի նախագահի մոտ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ և համապատասխան գնահատականներ են տրվել ստեղծված իրավիճակին․ «Համապատասխան որոշումներ են կայացվել ու կարգադրություններ տրվել մեր ուժային կառույցներին։ Կարծում եմ՝ իրավիճակը վերահսկվում է»։ Թե ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, պատգամավորը միայն հաղորդեց, որ «այն անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավոր են մեր ուժային կառույցների կողմից, այդ ցուցումները տրվել են»։

«Ուժ, ուժեղ բանակ և դիվանագիտական բոլոր հարթակներում համապատասխան դրսևորում, որը թույլ կտա միջազգային հանրությանը, որը ավելի խոշոր՝ ռուս-ուկրաինական կոնֆլիտկով է տարված, այնուամենայնիվ, իր հնարավորությունը օգտագործել այս սրացումների բացառման ուղղությամբ»,- ասաց պատգամավորը ի պատասխան հարցի, թե ինչ կարող ենք մենք անել ստեղծված իրավիճակը հարթելու համար։

Բաղունցը նաև ասաց, որ ռուս խաղապահները պատրաստակամ են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։

***

Մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերը գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը՝ սպառնալիք ստեղծելով Խրամորթ գյուղի խաղաղ բնակչության համար։ Մարտի 25-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է երկու զոհ, իսկ Ադրբեջանը, ըստ հայկական կողմի, վեց զոհ։

Մեկնաբանել