Ադրբեջանը փորձել է առաջխաղացում ապահովել արևելյան սահմանագոտում․ Արցախի ՊՆ

nk

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում․ այս մասին ասված է Արցախի ՊՆ-ի հաղորդագրությունում։
«ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- հաղորդում է Արցախի ՊՆ-ն:
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հաղորդել էր, որ առավոտյան 9-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է եղել, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։

***

Մարտի 24-ին ադրբեջանական կողմը, խախտելով շփման գիծը, առաջ է շարժվել Արցախի արևելյան հատվածում և իր վերահսկողության տակ առել Փառուխ գյուղը՝ վտանգ ստեղծելով նաև Խրամորթ գյուղի համար, որտեղից կանայք և երեխաները տարհանվել են։
Մարտի 24-25-ին Փառուխի Հարակից կարևոր բարձունքների համար մարտերում հայկական կողմը հաղորդել է իր երեք զոհի և 14 վիրավորի մասին։ Ըստ Արցախի ՊԲ-ի՝ ադրբեջանցիները հինգ զոհ են տվել մարտերում։
Ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հայտարարություններ են արել՝ Ադրբեջանին կոչ անելով վերադառնալ ելման դիրքեր։

Մեկնաբանել