ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճը

Լիլիթ Մակունց-Lilit Makunts

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ապակայունացնող գործողությունների մասին մարտի 25-ին զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։

Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից՝ դեսպան Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։

Մարտի 25-ին Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։

Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։

***

Մարտի 24-ին ադրբեջանական կողմը, խախտելով շփման գիծը, առաջ է շարժվել Արցախի արևելյան հատվածում և իր վերահսկողության տակ առել Փառուխ գյուղը՝ վտանգ ստեղծելով նաև Խրամորթ գյուղի համար, որտեղից կանայք և երեխաները տարհանվել են։

Մարտի 24-25-ին Փառուխի hարակից կարևոր բարձունքների համար մարտերում հայկական կողմը տվել է երեք զոհ, վիրավորվել է 14 մարդ։ Ըստ Արցախի ՊԲ-ի՝ ադրբեջանցիները հինգ զոհ են տվել մարտերում։

Ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել։

Մեկնաբանել