Ժամը 17:00-ի դրությամբ իրադրությունը Փառուխի հատվածում շարունակում է լարված մնալ

Ժամը 17:00-ի դրությամբ իրադրությունը Արցախի Փառուխ գյուղի հատվածում շարունակում է լարված մնալ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Շփման գծի մյուս հատվածներում, ըստ տեղեկատվական շտաբի՝ իրավիճակը հանգիստ է:

«Աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը (Փառուխի հատվածում – խմբ․) կայունացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Մեկնաբանել