Արցախի նախագահը ռազմական դրության պայմաններում սահմանափակումների հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համաձայն հրամանագրի՝ Արցախում տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝

1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը.

2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները.

3.կասեցվում է Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ իրադրությունը Արցախի Փառուխ գյուղի հատվածում շարունակում է լարված մնալ։

Մեկնաբանել