Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել․ ՌԴ ՊՆ

«Ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում (Արցախում – խմբ․) իրավիճակը կարգավորելու և զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար: Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել»,- այս մասին ասված է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության մարտի 26-ի տեղեկագրում։

«Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և տեղադրել են դիտակետ»,- ասված է տեղեկագրում։

ՌԴ ՊՆ-ն նշում է նաև, որ Փառուխ գյուղի հատվածում Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումների ուղղությամբ չորս հարված է հասցվել Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքով։

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ իրադրությունը Արցախի Փառուխ գյուղի հատվածում շարունակում է լարված մնալ։

Մեկնաբանել