Ռուսաստանի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում լարվածության աճի կապակցությամբ

Mid mfa russia

Ռուսաստանը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ, ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Ռուսական խաղաղապահ զորակազմը երկու կողմերի հետ փոխգործակցությամբ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանում իրադրության ապաէսկալացման համար»,- ասված է հայտարարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության «կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը»։

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ իրադրությունը Արցախի Փառուխ գյուղի հատվածում շարունակում է լարված մնալ։

Մեկնաբանել