Մարտի 29-ին Արցախի գազամատակարարումը կվերականգնվի, հաղորդել է «Ազերիգազը» 

Մարտի 29-ին Արցախի գազամատակարարումը կվերականգնվի։ Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, թե «անջատման պատճառը գազատարի խափանումն է եղել»։ «Աշխատակիցները վերանորոգել են խողովակը, փորձարկումները կիրականացվեն մարտի 28-ին, իսկ բնական գազի մատակարարումը կվերականգնվի մարտի 29-ին»,- ընկերության հաղորդագրությունը մեջբերել է ադրբեջանական APA գործակալությունը։

***

Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել էր մարտի 8-ից 16-ը։ Խողովակը պայթեցվել էր Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածում։ Վերանորոգումից մի քանի օր անց՝ մարտի 21-ին, կրկին դադարեցվել էր գազամատակարարումը։ Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանը փակն է տեղադրել գազատարի վրա և տնտեսական սադրանքներ է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ։