Դրամն արժևորվել է՝ ուղղորդվելով

Արտարժութային շուկայում դոլարի պահանջարկը գերազանցել է առաջարկը. շաբաթվա ընթացքում դրամն արժևորվել է 3,7 կետով։

Այսպես, եթե շաբաթվա սկզբին ներբանկային շուկայում բանկերը դոլարը գնում էին 408,87դրամ/$1 և վաճառում 412,33 դրամ/$1 միջին փոխարժեքով, ապա այսօր առքի փոխարժեքը կազմել է 405,18դրամ/$1, իսկ վաճառքինը՝ 408,75դրամ/$1։

Այս շաբաթվա ընթացքում «Նասդաք ՕէՄէՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի միջին օրական գործարքներից երևում է, որ դրամի արժևորումը կրել է իներցիոն բնույթ և կարծես ուղղորդվել է Կենտրոնական բանկի կողմից։

Արտարժութային շուկայում տարբեր արտարժույթներով գործարքների ծավալի ուսումնասիրությունից երևում է, որ թեև տեղի է ունեցել դրամի ամրապնդում, ներքին շուկայում դոլարի պահանջարկը գերազանցել է առաջարկը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է $79,3 մլն և վաճառվել $90,7 մլն։ Միևնույն ժամանակ՝ եվրոյի պահանջարկը 3,7 անգամ գերազանցել է առաջարկը։ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,87 մլն-ի եվրո և վաճառվել 21,5 մլն։ Ստացվում է, որ բանկերի մոտ եղել է $11,4 մլն-ի և 15,6 մլն եվրոյի դեֆիցիտ, որը նրանք բավարարել են գնված ռուսական ռուբլին դոլարի փոխարկելով ($15,6 մլն-ի)։ Բացի այդ՝ բացը փակվել է բորսայից դոլար գնելով։ «Նասդաք ՕէՄէՔՍ Արմենիա» բորսայում այս շաբաթ իրականացվել է $18,3 մլն-ի առք և վաճառքի գործարք։

Ըստ էության, արտարժութային շուկայում պահանջարկը շարունակել Է գերազանցել առաջարկը, բայց դա չի հանգեցրել դոլարի ամրապնդման, քանի որ, ամենայն հավանականությամբ, շուկայում բացը լրացրել է Կենտրոնական բանկը՝ դոլարային ինտերվենցիաներով։

Մեկնաբանել