«Ազերիգազն» առնչություն չի կարող ունենալ Արցախի գազամատակարարման հետ․ «Արցախգազ»

nk stepanakert artsakh

«Արցախգազ» ՓԲԸ-ն հերքում է տեղեկությունը, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։

Ընկերությունից տեղեկացնում են, որ «հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ»։

«Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։

Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:

Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։

Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Մեկնաբանել