Ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի հետ քննարկելու․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

«Անվտանգության խորհրդի նախորդ նիստի ժամանակ կայացրել ենք որոշումներ, այդ թվում՝ կոչով և խնդրանքով դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջանքեր գործադրելու Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հակառակորդի ելման դիրքեր վերադառնալու և խաղաղություն ապահովելու համար: Այս առումով շատ ողջունելի է մարտի 26-ին ՌԴ ՊՆ և ԱԳՆ արձագանքը: Շատ կարևոր էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների անդրադարձը, ինչպես նաև ՀՀ մեր գործընկերների ակտիվ աշխատանքը: Ինչպես գիտեք, իրավիճակի կայունացման նպատակով տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսային քննարկումները, որոնց հետևել է ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը: Այսինքն, շահագրգիռ ու պատասխանատու երկրները, գնահատելով իրավիճակը, իրենց միջնորդական առաքելությունն են կատարել»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը անդրադարձել է նաև հանրային և քաղաքական որոշ շրջանակների այն հայտարարություններին, թե իբրև «ադրբեջանական կողմի վերջին օրերին ծավալած ագրեսիան Արցախի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է»՝ դրանք որակելով «սադրիչ և պառակտող»։

«Մեր պայմանավորվածությունը մեկն է՝ եռակողմ հայտարարության կետերի կատարումը, որևէ այլ պայմանավորվածություն չի կարող լինել: Ուստի, նման սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն շեղել մեզ իրական խնդիրներից, միասնականությունից և պառակտել հանրությանը: Ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կարող լինել, այլև ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի կամ ընդլայնված կազմի հետ քննարկելու»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Ըստ հաղորդագրության՝ նիստում հստակեցվել են ստեղծված իրավիճակում համարժեք քայլերի ձեռնարկման հետ կապված հարցեր:

Մեկնաբանել