ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական ուժերը հեռացել են Փառուխից

Մարտի 27-ին ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում վերջինս հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից, ասված է Ռուսաստանի ՊՆ-ի տեղեկագրում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Ասկերանի շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը։ Փոխհրաձգության հետևանքով կողմերից յուրաքանչյուրն ունի երկուական վիրավոր։

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի՝ հակամարտության կողմերի հետ փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացել է։

Ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում վերջինս հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրից»,- հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Մեկնաբանել