Փառուխն այժմ գտնվում է խաղաղապահների վերահսկողության գոտում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է։ Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Մարտի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական ուժերը հեռացել են Փառուխից։ Բաքուն, սակայն, արձագանքեց, որ «Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում»։

Հայաստանի ԱԳՆ-ն ևս արձանագրում է, որ ադրբեջանական զորքերի ներխուժումը ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։

Մեկնաբանել