Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկում, որը սակայն պայմանականորեն չկիրառվեց: Առուշ Առուշանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Միևնույն ժամանակ, դատարանի որոշմամբ Առուշանյանը 5 տարով զրկվեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ 2021-ի հոկտեմբերի 21-ին կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը հաղթել էր Գորիսում անցկացված համայնքապետի ընտրություններում։

Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Առուշանյանը պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով, սակայն 2021-ի նոյեմբերի 3-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, քանի որ ցանկանում էր «ապրել ու արարել իր հարազատ քաղաքում»։

Մեկնաբանել