Վերադարձե՛ք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց, այնտեղ կփորձենք լուծել Դոնբասի հարցը․ Զելենսկին՝ ռուս լրագրողներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 27-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ի թիվս այլ բաների՝ նա անդրադարձել է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի առջև ծառացած խնդիրներին, հերքել այն պնդումները, որ Կիևը [ռազմական] գործողություն էր նախապատրաստում Դոնբասի հանդեպ վերահսկողությունը վերականգնելու համար, խոսել պաշարված Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին և գնահատել պատերազմի՝ ռուսերեն լեզվին պատճառած վնասի մասին։ Զելենսկիի հետ հարցազրույցը վարում էին ռուսաստանյան «Դոժդ» ալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն, լրագրող Միխայիլ Զիգարը, «Մեդուզա»-ի գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովը և «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը։ Զելենսկիին իր հարցերն է ուղղել նաև «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը։ («Մեդուզա» պարբերականը և «Դոժդ» ալիքը ՌԴ իշխանությունների կողմից ճանաչվել են որպես օտարերկրյա գործակալներ, «Դոժդ»-ը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը):

Հարցազրույցի մասին տեղեկատվության՝ լրատվամիջոցներում հայտնվելուց անմիջապես հետո ռուսաստանյան կարգավորիչ «Ռոսկոմնադզորը» նախազգուշացում է ուղարկել հարցազրույցի հրապարակումից զերծ մնալու մասին․ «Ռոսկոմնադզորը» հայտնել է, որ հարցազրույց անցկացրած լրատվամիջոցների նկատմամբ ստուգում է սկսվել՝ պատասխանատվության աստիճանը որոշելու և պատասխան միջոցներ ձեռնարկելու համար»։

Ավելի ուշ Զելենսկիի հարցազրույցի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, որը խոստացել է «սկզբունքային իրավական գնահատական ​​տալ հրապարակված հայտարարությունների բովանդակությանը և դրանց տեղադրման փաստին»։ Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ դա արվել է «հակառուսական զանգվածային քարոզչության և Ռուսաստանի Դաշնության գործողությունների մասին կեղծ տեղեկատվության պարբերաբար հրապարակման համատեքստում՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանության նպատակով իրականացված հատուկ ռազմական գործողության հետ կապված»։

BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է Ուկրաինայի նախագահի հետ հարցազրույցի հիմնական մտքերը։

Ինչպե՞ս է Զելենսկին տեսնում Ուկրաինայի ռազմական հաղթանակը

«Հնարավորինս նվազեցնել զոհերի թիվը, կրճատել այս պատերազմի տևողությունը, Ռուսաստանի Դաշնության զորքերը դուրս բերել փոխզիջումային տարածքներ․ սա այն ամենն է, ինչ կար մինչև փետրվարի 24-ը [երբ սկսվեց ռուսական ներխուժումը-խմբ.], նախքան հարձակումը։ Թող վերադառնան այնտեղ։ Ես հասկանում եմ, որ անհնար է Ռուսաստանին ստիպել ամբողջությամբ ազատագրել տարածքը, դա կբերի երրորդ համաշխարհային պատերազմի։ Ես ամեն ինչ հիանալի հասկանում եմ և լիովին գիտակցում եմ։ Դրա համար էլ ասում եմ՝ այո, սա փոխզիջում է, վերադարձե՛ք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց, և այնտեղ մենք կփորձենք լուծել Դոնբասի հարցը։ Դոնբասի խրթին խնդիրը»։

Դոնբասի վրա հարձակվելու Ուկրաինայի «ծրագրերի» մասին

«Իհարկե, ոչ մի ծրագիր էլ չի եղել: […] Ես ասել եմ, որ մենք չենք պատրաստվում մեր տարածքները ռազմական ճանապարհով վերցնել։ Ես ուզում եմ համաձայնության գալ ձեզ հետ: Ավելին, ես ուզում եմ գտնել մի ձևաչափ, որով [հնարավոր է] մի որոշ ժամանակ ապրել։ Ես ուզում էի մի որոշ ժամանակ պահել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները՝ մինչ այս ներխուժումը։ Ես տարբեր տարբերակներ էի փնտրում։ Հավատացե՛ք»։

«Ես ուզում եմ խոսել այն կեղծ լուրերի մասին, [Դոնբասի վրա հարձակման փաստաթղթի մասին, որը տարածվել է պետական ​​լրատվամիջոցների կողմից՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի նախկին ղեկավար Միխայիլ] Բալանի ստորագրությամբ․․․ Չգիտեմ՝ դա ինչ փաստաթուղթ է, ես ընդհանրապես դժվարանում եմ ասել։ Եթե տեսած լինեի այդ փաստաթուղթը, ձեզ կպատասխանեի։ Դոնբասի վրա [Ուկրաինայի] հարձակման մասին բոլոր փաստաթղթերը 100 տոկոսով կեղծ են, և ընդհանրապես, սա Ազգային գվարդիան է, չէ՞: Ազգային գվարդիայի նախկին պե՞տը։ Միկոլա Բալա՞նը, նա նույնիսկ իրավասություն չունի դա անելու։ Ազգային գվարդիան, որը, ինչպես հասկանում եք, ներքին գործերի նախարարության մաս է կազմում: Այսինքն, այնտեղ պետք է լինի ներքին գործերի նախարարի ստորագրությունը։ ՆԳ նախարարը հարձակողական գործողությունների հետ ի՞նչ կապ ունի, ընդհանրապես անհեթեթություն է»։

Հակամարտության սկզբնապատճառի մասին

Ըստ Զելենսկիի՝ ներկայիս ողբերգության արմատն այն է, որ Ռուսաստանը մերժում է Ուկրաինայի անկախությունն ու ինքնուրույնությունը։

«Մեզ որպես ինչ-որ ապրանք, ինչ-որ մեծ օրգանիզմի մաս ընկալումը, որի գլխին իրեն տեսնում է Ռուսաստանի ներկայիս նախագահը։ Մենք մեզ հետասերում (ատավիզմ) չենք համարում։ Մենք մեզ համարում ենք երկար, խորը պատմություն և բարոյականություն ունեցող անկախ պետություն»:

Կրեմլի սխալի մասին

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը երկար ժամանակ փորձում է ապակայունացնել տնտեսական ու քաղաքական իրավիճակը Ուկրաինայում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսից քաղաքական խմբերի միջոցով։ Ըստ Զելենսկիի՝ իրավիճակի սրացումը Ռուսաստանի ծրագրերի մի մասն էր, բայց ոչինչ չստացվեց։

«Ես չգիտեմ, թե ինչ են զեկուցել այնտեղ՝ վերևներում, բայց կարծում եմ՝ ասել են, որ մենք ձեզ [ռուսաստանցիներիդ] սպասում ենք այստեղ, սպասում ենք ծաղիկներով, ժպիտներով, վիճակը շատ վատ է, գործող նախագահին չեն աջակցում, ներկայիս գործող կուսակցությանը չեն սատարում, դուք կարող եք [ներխուժել]։ Ես դրանում 99,9 տոկոսով վստահ եմ, այս իրավիճակում ես պարզապես խոսքեր չէի շպրտի»:

Մարիուպոլի մասին

«Իրականությունը սա է. քաղաքը շրջափակված է ռուս զինվորականների կողմից, բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակված են, նավահանգիստը ականապատված է, մարդասիրական աղետ է, անկասկած, մեքենայով սնունդ, ջուր, դեղամիջոցներ հասցնելն անհնար է։ Ռուս զինվորականները կրակ են բացում մարդասիրական ավտոշարասյուների վրա՝ սպանելով վարորդներին, շատ բեռներ հետ են տարվել»:

«Որոշ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել [ռուսական կողմի հետ], ապաշրջափակում էր տեղի ունեցել Ուկրաինայի ուղղությամբ քաղաքացիական տրանսպորտի դուրս գալու ժամանակ։ Տեղի է ունենում Մարիուպոլից մարդկանց հարկադիր հեռացում ոչ մեր ուղղությամբ, այլ հակառակ՝ օկուպացված ուղղությամբ։

Մեր տվյալներով՝ երկու հազարից ավելի երեխաներ են դուրս բերվել, այսինքն՝ առևանգվել են, քանի որ այս բոլոր երեխաների ճշգրիտ վայրը չգիտենք։ Նրանց դուրս են բերում ինչպես ծնողների հետ, այնպես էլ առանց նրանց։ Սա աղետ է։ Ես չեմ կարող ձեզ ասել, թե դա ինչ տեսք ունի: Սարսափելի է։ Նրանց պահում են փոխանակման համար»։

Վլադիմիր Զելենսկին ասել է նաև, որ Մարիուպոլի ներսում կան և՛ ռուսական, և՛ ուկրաինական զորքեր։ Նրանք վերահսկում են քաղաքի տարբեր հատվածները։ Ուկրաինայի նախագահը պատմել է, որ ուկրաինացի զինվորականներին առաջարկել է լքել քաղաքը, եթե կարծում են, որ այս պահին դա ճիշտ է, և եթե այդ կերպ կարող են փրկել իրենց կյանքը, սակայն նրանք հրաժարվել են։

«Ասացին, որ վիրավորներին ու զոհվածներին չեն լքի։ Քաղաքում՝ ճանապարհներին, մայթերին, դիակներ են, ուղղակի դիակներ են՝ ռուս զինվորների, Ուկրաինայի քաղաքացիների, բոլորի, ոչ ոք այդ դիերը չի հեռացնում։ Մեր զինվորականները պատրաստ չեն լքել նույնիսկ մահացած զինվորականներին։ Նրանք պատրաստ չեն դուրս գալ [քաղաքից]՝ [մահացածներին] աղբի պես թաղելով»։ «Մենք նրանց [ռուսական կողմին] խնդրեցինք, որ թույլ տան մեզ դուրս հանել դիակները։ Նրանք մեզ չտվեցին՝ ոչ դիակներ, ոչ վիրավորներին, ոչ ոքի», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Մարիուպոլն, ըստ էության, այլևս գոյություն չունի։ Ինչպես նաև Վոլնովախան և Կիևի շրջակայքի փոքր քաղաքները: «Լոկ այրված հող է»,- այսպես է նկարագրել իրավիճակը Զելենսկին։

Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա հարաբերությունների մասին

Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ փետրվարի 24-ից հետո ինքն անձամբ է Ռուսաստանի և ռուսների նկատմամբ իր վերաբերմունքի մեջ «կորցրել էմոցիոնալ բաղադրիչը»։

«Չնայած նրան, որ ես գիտակցում եմ, որ բազում մարդիկ աջակցում են Ուկրաինային։ Ես շնորհակալ եմ նրանց… Բոլորի վերաբերմունքն է վատացել։ Կա անդառնալիություն։ 2014-ին, երբ ամեն ինչ սկսվեց, Ուկրաինայի ռուսալեզու շրջանները կամ ռուսալեզու ընտանիքները հույս ունեին, որ այս թյուրիմացությունը շուտով կվերջանա, այս ընտանիքներից ոմանք կարծում էին, որ ինչ-որ կերպ հնարավոր է ամեն ինչ [ուղղել]։

Երբ ես առաջադրվում էի նախագահի թեկնածու, հասկանում էի, որ ամեն ինչ պետք է անել պատերազմը դադարեցնելու, քարոզչության դեմ պայքարելու, սեփական օրինակով ցույց տալու, որ ուզում ես փոխել երկիրը, փոխել հարաբերությունները հարևանների հետ … Փոխըմբռնում գտնել: Նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս ամիս տեղի ունեցավ գլոբալ պառակտում: Սա պարզապես պատերազմ չէ, ամեն ինչ շատ ավելի վատ է։

Եվս մի քանի ամիս, և յուրաքանչյուր [ուկրաինական] ընտանիքում կորուստ կլինի՝ տեղահանել են, վիրավորել, երեխայի հետ ինչ-որ բան է պատահել, մեկնել են Լեհաստան, աշխատանք չեն գտել… Բոլորի ընտանիքում մի վիշտ կլինի։ Իհարկե, Երկրորդ համաշխարհային պատերազմ չէ, իհարկե, տարիներով օկուպացիա չէ, բայց դեռ ամեն ինչ չի էլ ավարտվել»։

Ռուսերենի մասին

«Ամենավատ բանը ռուսաց լեզվի հանդեպ արեց Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը: Կարծում եմ՝ դա անվերականգնելի վնաս է: Իհարկե, Ռուսաստանի սահմաններից դուրս մարդիկ որոշ հասարակություններում երբեմն կամաչեն ռուսերեն խոսելուց: Այդպես էլ կլինի։ Այսպես է եղել այս կամ այն պատերազմից հետո, որի արդյունքում աշխարհում կոնկրետ ագրեսոր է ճանաչվել: [… .] Դա կտևի երկար տարիներ, անկասկած»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել