Ռուսաստանում չէին մտածում, որ Եվրոպան ինքն իր ոտքին կկրակի․ Ֆյոդոր Լուկյանով

feodor lukyanov

Ռուս քաղքագետ Ֆյոդոր Լուկյանովի Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման մեկ ամիսը լրանալու կապակցությամբ հարցազրույց է տվել՝ գնահատելով, թե որքանով էր Ռուսաստանի համար կանխատեսելի Արևմուտքի նման հակազդեցությունը։

– Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից և հակառուսական պատժամիջոցների ներդրումից մեկ ամիս անց հնարավո՞ր է գնահատել, թե աշխարհաքաղաքական առումով որտեղ ենք գտնվում։

– Առաջին բանը, որ մեզ համար անհայտ է մնում, և առանց որի հնարավոր չէ կանխատեսումներ անել, այն է, թե երբ և ինչպես կավարտվի հարձակման փուլը։ Դրա սկիզբն անակնկալ էր գրեթե բոլորի համար: Պարադոքսն այն է, որ բոլորը սպասում էին ընթացիկ իրադարձություններին, բայց ոչ ոք լիովին չէր հավատում դրանց։

Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի հատուկ գործողությունը, Ռուսաստանի համար իրավիճակը կտրուկ և անշրջելիորեն փոխվել է։ Ուզել են, թե ոչ՝ բաց հարց է։ Ինչ էլ որ լինի, արևմտակենտրոն համակարգին ինտեգրվելու Ռուսաստանի փորձի երեսնամյա փորձն ավարտվել է։

– Բայց Եվրոպան իր իսկ պատժամիջոցներից տուժել է ոչ պակաս, քան Ռուսաստանը։ Միգուցե հնարավո՞ր է հետդարձ նախկին դիրքերին:

– Կրեմլի գործողություններին Արևմուտքի արձագանքի աստիճանը, իմ կարծիքով, գերազանցեց որոշումներ կայացնողների սպասելիքները՝ թե՛ հակառակորդների համախմբման, թե՛ միջոցառումների մասշտաբի առումով։ Այժմ բեմադրվում է պատմական եզակի մասշտաբի փորձ՝ վտարելու աշխարհի ամենամեծ երկիրը համաշխարհային տնտեսական համակարգից։

էներգետիկ կախվածության և նյութական շահերի պատճառով Ռուսաստանին հաշվի առնելու դժգության աստիճանը վաղուց էր հասունացել։ Երբ այս ամենը եղավ, մեզ համար պարզ դարձավ, թե որքան ենք մենք փոխկապված, որքան հսկայական թվով ընկերություններ, փողեր, ծառայություններ են աշխատել Ռուսաստանում։

Սպասելի էր, որ [Ուկրաինա ներխուժելու դեմ] հակազդեցությունը հզոր էր լինելու, բայց չէին մտածում, որ Եվրոպան ինքն իր ոտքին կկրակի։ Ըստ երևույթին, ենթադրվում էր, որ արձագանքը կհասնի սահմանագծին, երբ սկսի որոշակի վնաս հասցնել տնտեսությանը։ Բայց տեղի ունեցավ այլ բան՝ ծորակը բառացիորեն պայթեց։

Եվրոպացիները գրեթե բոլոր հնարավոր պատժամիջոցները սահմանեցին մեկ շաբաթվա ընթացքում։ Սովորաբար դրանք ներդրվում են աստիճանաբար՝ սպասելով պատասխանի: Ի վերջո, պատժամիջոցների իմաստը աստիճանականությունն ու չափելիությունն է։ Եթե ​​միանգամից ներդնում ես բոլորը, հակառակորդի համար միևնույն է դառնում, քանի որ այլևս ավելի վատ հնարավոր էլ չէ։ Այս առումով ամերիկացիներն իրենց գրագետ են պահում։ Իսկ Եվրոպան՝ այսպես։ Եվ այստեղ, ինձ թվում է, կար Ռուսաստանի նկատմամբ մարդկային վերաբերմունքի թերագնահատման գործոնը, որն ավելի վատ եղավ, քան կարծում էին։

Հաշվարկն այն էր, որ եթե իրենք իրենց վնասեն, չեն դիմանա և հետ կգնան։ Թե՛ մեզ, թե՛ նրանց համար վատ է լինելու, բայց ռուս ժողովուրդը գոյատևել գիտի, իսկ եվրոպացիները՝ ոչ։ Իսկ հիմա մենք իսկապես նման վիճակում ենք։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո։ Ճնշումը մեծացնելու համար նրանք ստիպված կլինեն այլ բան անել, իսկ մենք կպատասխանենք շատ կոշտ միջոցներով, ընդհուպ մինչև գազի և նավթի փականը փակելը։ Սա իրար վերացնելու խաղ է, որի հնարավորությունը մինչև վերջերս դժվար էր պատկերացնել։

Ավելի լայն նայելով՝ պարզ է, որ Սառը պատերազմից ի վեր գործող հիմնական սկզբունքը՝ հակամարտությունները հարթեցնող տնտեսական փոխկախվածությունը, այլևս չի գործում: Փոխկախվածությունը հաշտեցման գործիքից վերածվել է պատերազմի գործիքի։ Մենք դա տեսնում ենք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերություններում, և ԱՄՆ-ն ու Չինաստանն այժմ մոտենում են այդ փուլին։ Աշխարհը չի վերադառնա այն գլոբալացմանը, որին մենք բոլորս սովոր ենք։ Եվ հետո վիճակված է ստուգել այն վարկածի ճշմարտացիությունը, որ երբ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս, մեզ համար համաշխարհային քաղաքական համակարգում ավելի շահեկան տեղ գրավելու հնարավորություն է բացվում, քանի որ այն համակարգում, որը կար և ստեղծվել էր առանց մեր մասնակցության, մենք պահը բաց էինք թողել։

– Ռուսաստանի համար որո՞նք են իրադարձությունների զարգացման լավատեսական և հոռետեսական սցենարները:

– Լավատեսական սցենարը, եթե հաշվի առնենք հարցի միայն գործնական կողմը, ենթադրում է, որ Ռուսաստանը Ուկրաինայում հասնում է իր նպատակներին՝ չնայած բոլոր ծախքերին։ Այսպիսով, նոր ընթացք է ստանում ամերիկյան կարողությունների վերաբերյալ կասկածների գնացքը։ Սա դժվար թե ազդի Արևմուտքի վրա, քանի որ Եվրոպան ԱՄՆ-ից հեռանալու տեղ չունի։ Բայց մնացյալ աշխարհը կհետևի, թե հաջորդն ինչ է լինելու ամերիկացիների հետ՝ միգուցե նրանք մեկ այլ բանից էլ հրաժարվեն։ Իսկ դա Ռուսաստանի համար մանևրելու տարածք է ստեղծում, նախ՝ հետխորհրդային տարածքում, երկրորդ՝ Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, ապա ոչ արևմտյան աշխարհում խորշ կբացվի: Դա ծանր վերակառուցում կպահանջի, քանի որ մենք դեռ շատ արևմտակենտրոն հասարակություն ենք։ Սակայն միգուցե այն գնա ձեռնտու ճանապարհով, որովհետև արևմտակենտրոնությունը ժամանակակից աշխարհում անբնական է: Սա դրական սցենար է։

Բացասական սցենարը․ չհասնել Ուկրաինայում դրված նպատակներին, ինչը տնտեսական և հեղինակության ծանր վնաս կպատճառի։ Դա կսպառնա ինքնաբուխ փոփոխությունների ներսից և դրսից:

Ավելի երկարաժամկետ կանխատեսում անելն անիմաստ է։ Խաղադրույքը, որ աշխարհը փոխվելու է, և այդ իրավիճակում հնարավոր է լինելու ճիշտ վարվել՝ լավագույն դիրքեր գրավելու համար, անհեթեթ չէ։ Բայց դա հուսալի չէ:

***

Ֆյոդոր Լուկյանովը ռուսական «Россия в глобальной политике» («Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում») հանդեսի գլխավոր խմբագիրն է, Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահը և ռուսական «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հետազոտությունների գծով տնօրենը։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Фёдор Лукьянов. «Это игра на выбывание»

Մեկնաբանել