Էրդողանը Դոլմաբահչե պալատում հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ հանդիպել է պատվիրակությունների հետ, հայտնում է Hurriyet Daily News-ը։ Էրդողանը հայտարարել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ։ Էրդողանն ասել է, որ կողմերը շարժվում են «դրական ուղղությամբ», սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Ստամբուլում ռուս-ուկրաինական հանդիպումը չորրորդն է Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։

Բրիտանական Financial Times-ը, վկայակոչելով քննարկումների մասին իրեն տեղեկացրած չորս լավատեղյակ անանուն մարդու, գրել է, որ որպես հրադադարի բանակցությունների մաս՝ Ռուսաստանն Ուկրաինայից այլևս չի պահանջում «դենացիֆիկացիա» և պատրաստ է համաձայնել Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը, եթե այն մնա ռազմականապես չեզոք։

Financial Times-ի աղբյուրներն ասել են, որ որպես հնարավոր գործարքի մաս՝ Մոսկվան և Կիևը քննարկում են ռազմական գործողությունների դադարը, որը կենթադրի՝ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից՝ անվտանգության երաշխիքների և ԵՄ-ին միանալու հեռանկարի դիմաց։ Թերթի զրուցակիները նշել են, որ հարցը դեռ վերջնականացված չէ:

«Հրադադարի փաստաթղթի նախագիծը որևէ քննարկում չի պարունակում Ռուսաստանի սկզբնական երեք հիմնական պահանջների մասին՝ «դենացիֆիկացիա», «ապառազմականացում» և Ուկրաինայում ռուսաց լեզվի իրավական պաշտպանություն»,- ասել են աղբյուրները:

Մեկնաբանել