Ադրբեջանցիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել՝ սկսած 2012-ից

ալեքսանդր թամանյան

Անի Գրիգորյան

#CivilNet Check

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է Կադաստրի կոմիտեի նախագահի հայտնած տեղեկությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման մասին։
Որոշ հրապարակումներում տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիները նոր են սկսել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։

Կադաստրի կոմիտեից ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմին՝ CivilNetCheck-ին, տրամադրած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում առաջին անգամ անշարժ գույք ձեռք բերել են բերել դեռ 2012-ին։

Տվյալները՝ Կադաստրի կոմիտեից

Փաստացի, ներկայում Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում ունեն վեց անշարժ գույք։

Կադաստրի կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել էր, որ երբ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում, նրանք ունենում են ճամփորդական անձնագրեր։

«Այսինքն՝ որևէ այլ քաղաքացի չի գալիս իր այն անձնագրով ՀՀ-ում այդ գույքը ձեռք բերում։ Ինքը մեզ մոտ ստանում է ճամփորդական անձնագիր, այդ ճամփորդական անձնագիրը ստանալու ընթացքում այդ բոլոր ձեր մտավախությունները փարատվում են, որովհետև եթե ունի ճամփորդական անձնագիր, դա նշանակում է, որ ամեն ինչ, կոպիտ ասած, տեղին է»,- բացատրել էր Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Ինչ անշարժ գույք ունեն թուրքերը Հայաստանում

Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքացիների՝ Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքին, Կադաստրի կոմիտեից CivilNetCheck-ին հայտնել էին, որ այժմ Հայաստանում Թուրքիայի 56 քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանում է 77 միավոր անշարժ գույք։

«Ֆակտոր» լրատվական կայքը Կադաստրի կոմիտեից ստացել էր Թուրքիայի քաղաքացիների ձեռք բերած անշարժ գույքը՝ ըստ տարիների։

Loading...

Loading…

Աղբյուրը՝ Կադաստրի կոմիտե

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 83 միավոր գույք, որից վեցը հետագայում օտարվել է։ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք առաջին անգամ ձեռք են բերել 2005-ին։ Նրանց կողմից ամենաշատ անշարժ գույք ձեռք է բերվել 2017 և 2019 թվականներին, համապատասխանաբար 15 և 18։ Հնարավոր է՝ այս անձանցից ոմանք լինեն ազգությամբ հայ, սակայն ունենան Թուրքիայի քաղաքացիություն։

Ի՞նչ է նախատեսում օրենքը

ՀՀ օրենսդրությունը օտարերկրյա (այդ թվում՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի) քաղաքացիների համար անշարժ գույք ձեռք բերելու որևէ սահմանափակում չի նախատեսում։

Հողային օրենսգրքի՝ 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք։ Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ։

Սակայն վերոնշյալ սահմանափակումները չեն տարածվում տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան, հասարակական և արտադրական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերի վրա։

Մեկնաբանել