Բաքուն Երևանին հորդորում է անցնել «հստակ քայլերի» խաղաղության համաձայնագրի ուղղությամբ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի՝ մարտի 28-ի հայտարարությանը՝ խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Պաշտոնական Բաքուն նշել է, որ «տարածաշրջանում լարվածության աճի պատճառը Հայաստանի կողմից իր պարտավորությունների չկատարելն է․ հենց դա է խաթարում խաղաղաստեղծ ջանքերը»։

«Ինչ վերաբերում է միջազգային զսպման մեխանիզմների գործարկմանը, ապա Հայաստանի ղեկավարությանը անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ մարդկությունը միջազգային իրավունքից ավելի լավ միջազգային զսպման միջոց չի հնարել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի ԱԽ-ին հիշեցնելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

«Ինչ վերաբերում է համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների միջև բանակցությունների մեկնարկին, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակով դեռ մեկ տարի առաջ առաջարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, իսկ մեկ ամիս առաջ հնչեցրել հստակ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի համաձայնագիրը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն հորդորում է Հայաստանին անցնել «հստակ քայլերի»՝ շեշտելով, որ «իր կողմից պատրաստ է դրան»։

***

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված:

Անվտանգության խորհուրդը վերահաստատել է Հայաստանի՝ ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանին առաջարկել անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարել միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար։

Մեկնաբանել