ԱՄՆ-ը Ադրբեջանին 164 մլն դոլարի ռազմական օգնություն չի նախատեսում տրամադրել

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ մարտի 29-ին գրեցին, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին նախատեսում է տրամադրել 164 մլն դոլարի ռազմական օգնություն։

«Արմենպրես»-ը, Հանրային ռադիոն, news.am, tert.am, panarmenian.net, auroranews.am լրատվական կայքերը, հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA), հայտնել են, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին 2023-ի ֆինանսական տարվա բյուջեով տրամադրելու է 164 մլն դոլարի ռազմական աջակցություն, իսկ Հայաստանին տրամադրվելու է ընդամենը 24 մլն դոլարի (ոչ ռազմական) աջակցություն։

Լրատվականները, սակայն, սխալ են ներկայացնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մարտի 28-ի հաղորդագրությունը, որում վերջինս մտահոգություն էր հայտնում Հայաստանին տրամադրվող աջակցության նվազման առնչությամբ։

Որտեղի՞ց հայտնվեց 164 մլն դոլարի տեղեկությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գրել է, որ ըստ կառավարության գործունեությունը հսկող մի գործակալության զեկույցի՝ Ադրբեջանին հատկացվել է 164 մլն դոլար ռազմական աջակցություն։

Խոսքը ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) այս տարվա մարտին հրապարակած զեկույցի մասին է, որում ավսում է, որ 2002-2020թթ. ԱՄՆ պաշտպանության և պետական դեպարտամենտները Ադրբեջանին տրամադրել են 164 մլն դոլար՝ անվնտագության ոլորտի համար (security assistance)։

Այս մասին հստակ նշված է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հաղորդագրությունում։

Չնայած դրան՝ վերը նշված լրատվականները 164 մլն դոլարը ներկայացրել են որպես 2023-ին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող աջակցություն։

Այդ գումարը արդեն իսկ տրամադրվել է՝ շուրջ քսան տարվա ընթացքում (2002-2020թթ.)։

Որքա՞ն աջակցություն է առաջարկվում տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին

Հանձնախումբը, որն ԱՄՆ-ում հայկական ամենաազդեցիկ քաղաքական կազմակերպությունն է, հայտնում է, որ նախագահ Բայդենի վարչակազմը առաջարկում է 2023 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել ընդամենը 24 մլն դոլար աջակցություն։ Այնինչ, ընդամենը շաբաթներ առաջ Կոնգրեսը 2022 ֆինանսական տարվա համար Հայաստանին է տրամադրել 45 մլն դոլար, ինչը հաստատվել է Բայդենի կողմից։ Այսինքն, 2023-ի համար Բայդենի վարչակազմը առաջարկում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը գրեթե կիսով չափ կրճատել։

Իսկ Ադրբեջանին 2023 ֆինանսական տարվա համար Բայդենի վարչակազմը առաջարկում է տրամադրել 9,7 մլն դոլար աջակցություն։ Սրա մեջ, սակայն, չի մտնում ռազմական աջակցությունը, որի ծավալը դեռ անհայտ է։

Այս թվերը հստակ ներկայացված են բյուջետային առաջարկներում։

Հայաստանին առաջարկվում է տրամադրել 23,4 մլն դոլար ընդհանուր աջակցության գծով և 600 հազար դոլար՝ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակում։ Ադրբեջանին առաջարկվում է տրամադրել 9,14 մլն դոլար ընդհանուր աջակցության գծով և 600 հազար դոլար՝ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակում։

Ավելին, Հայաստանին առաջարկվում է տրամադրել հավելյալ 6 մլն դոլար «Թմրամիջոցների դեմ պայքարի և օրենքի կիրառման միջազգային կազմակերպություն» ծրագրով։

Մեկնաբանել