Միրզոյանը Վրաստանում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 29֊ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Վրաստան։ Այցի ընթացքում Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալկալիանիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

ՀՀ արտգործնախարարը վրացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։

«Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հսատատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։ Միրզոյանն ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը»,- ասված է Զալկալիանիի հետ հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում։

Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը, տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացմանը։

Մեկնաբանել