Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Մարտի 30-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև առկա մի շարք խնդիրների լուծումներ գտնելու հարցում գործադրվող համատեղ ջանքերն առաջ մղելու նպատակով: Մասնավորապես, քննարկումները նվիրված էին ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստմանը։

«Առարկայական քննարկումների ընթացքում, որոնք ներառում էին նաև Հաջիևի և Գրիգորյանի առանձին երկկողմ զրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական ու անվտանգության իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ամբողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների՝ դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն»,- ասված է ԵՄ հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում։ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերը:

Մեկնաբանել