«Իրավիճակը հաճելի չէ, բայց օրենքի առաջ բոլորն են հավասար»․ Փաշինյանը՝ Փիլոյանի ձերբակալման մասին

Կառավարության մարտի 31-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալմանը։

«Շատ ցավալի փաստ է, իհարկե մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք։ Մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու կարևոր է, որ այս սկզբունքը պահենք»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ «այս իրավիճակը հաճելի չէ, բայց օրենքի գերակայությունն ու օրենքի առաջ բոլորի հավասարությունն ավելի կարևոր է»։ Փաշինյանի խոսքով՝ քրեական գործը կապված է ԱԻՆ-ում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների հետ։

Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է մարտի 30-ին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ընկերության օգտին գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր չափերով կաշառք, իսկ մեկ այլ դրվագով արտակարգ իրավիճակների նախարարը ստացել է ջեռուցման համակարգի տեսքով կաշառք՝ համապատասխան անձին ԱԻՆ-ում աշխատանքի ընդունելու համար։

Փիլոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, ևս 8 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։