Պետք է հնարավորինս կարճ ժամկետում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրենք․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ մարտի 31-ին, Մինսկի խմբի գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանն անդրադարձել է Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի հետ ապրիլի 6-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը:

«Հույս ունեմ, որ այդ հանդիպումը արդյունավետ կլինի: Արդեն տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, և մենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ պետք է առաջ շարժվենք, հնարավորինս կարճ ժամկետներում խաղաղության պայմանագիր ստորագրենք: Ադրբեջանը, ելնելով իր դիտանկյունից, ներկայացրել է այդ համաձայնության հիմնական դրույթները»,- նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հայտնել է նաև, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաներից որոշակի ուղերձներ ստացել են:

«Վերջերս ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք մեր առաջարկները ընդունելի են համարում: Դա շատ լավ նորություն է, և ես հույս ունեմ, որ Բրյուսելում նախատեսված հանդիպմանը այդ հարցը ավելի կհստակեցվի»,- ասել է Իլհամ Ալիևը:

Մեկնաբանել