Չավուշօղլուն անդրադարձել է Անթալիայի ֆորումին և հայ-թուրքական կարգավորմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ցանկացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել, սակայն այն իրականություն չի դարձել։

«Հայասատնի ԱԳՆ ղեկավարը Անթալիա էր ժամանել: Ես ցանկանում էի, որ եռակողմ հանդիպում կայանար (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև – խմբ․), սակայն Անթալիայում դա հնարավոր չեղավ»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Նա շարունակել է, որ գործընթացը նոր է սկսվում, շուտով Բրյուսելում հանդիպելու են Ալիևն ու Փաշինյանը․ « Երկար տարիներ Հայաստանի մեղքով հարաբերություններում խզում կար: Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ ուենցած վերաբերմունքի պատճառով Հայաստանը մեկուսացված պետություն էր: Սակայն այժմ դրական դինամիկա կա, հնարավոր չէ ամեն հարց մեկ օրում լուծել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատակամորեն աջակցել է Երևանի հետ կարգավորման գործընթացին:

«Անհնար է, որ արմատական հարցերում մենք գործենք առանց Ադրբեջանի հետ խորհրդակցության. պատերազմը վերջացել է, արդեն պետք է դասեր քաղել և Կովկասի կայունության համար քայլեր ձեռնարկել»,- նշել է Չավուշօղլուն՝ հավելելով,- «եթե Հայաստանն էլ նման մոտեցում որդեգրի՝ և՛ մենք, և՛ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորենք, սահմանները կբացենք, առևտրային կապեր կստեղծվեն, լոգիստիկ հաղորդակցություններ ի հայտ կգան և այլն»:

Չավուշօղլուն նաև ասել է, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել Հայաստանին, որին պետք է դրական պատասխան տրվի: Նա այնուհետև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների դրական ազդակներին՝ կարևորելով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն ու վստահության բարձրացմանը միտված քայլերը:

«Կողմերը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում: Երկկողմանի ավիաթռիչքներ են մեկնարկել, սահմանների բացման պարագայում մի շարք թեմաներ կան քննարկելու՝ ներառյալ ցամաքային ու երկաթգծի հաղորդակացությունների շուրջ, ինչպես նաև քաղաքական կապեր էլ կան, որի վկայությունը Արարատ Միրզոյանի այցն էր Թուրքիա»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Մեկնաբանել