Էրդողանը խոսել է Ղարաբաղից «Հայաստանի զինված տարրերի» դուրսբերման մասին

«Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ հայտարարությանը [2020 թ. նոյեմբերի 9-ի – խմբ․], նրա կողմից որևէ խախտման մասին խոսք լինել չի կարող»,- մարտի 31-ին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Արցախում՝ Փառուխում և Քարագլխում տեղի ունեցող դեպքերին:

Էրդողանի կարծիքով՝ «տեղի է ունեցել հարձակում Ադրբեջանի վրա, որին էլ հետևել է պատասխան պաշտպանական գործողություն»:

«Եռակողմ հայտարարության հիման վրա կարևոր է ապահովել Հայաստանի զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»,- ասել է Էրդողանը:

Այսօր` ավելի վաղ, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին պետք է դրական պատասխան տրվի: Չավուշօղլուն նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների դրական ազդակներին՝ կարևորելով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն ու վստահության բարձրացմանը միտված քայլերը:

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Մեկնաբանել