Ադրբեջանը նոր սրացմամբ հետապնդում է մարտավարական ու ռազմավարական նպատակներ

artsakh nk

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով շփման գիծը, զբաղեցրել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու Քարագլուխ կոչվող տեղանքը: Օրեր շարունակ ռուս խաղաղապահ առաքելությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի զինված ուժերին ելման կետեր վերադարձնելու ուղղությամբ, սակայն առանձնակի հաջողության չի կարողանում հասնել:

Ավելին, ադրբեջանական ուժերի առաջխաղացմանը մեծապես նպաստել են նաև ռուս խաղաղապահների գործողությունները: Ադրբեջանի այս ռազմական սադրանքից օրեր առաջ խաղաղապահների միջնորդությամբ կողմերը համաձայնության էին եկել, որպեսզի Փառուխ գյուղի մոտակայքում գտնվող ռազմական դիրքերից զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները կատարել էին այդ պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանցիները օգտագործել են այդ առիթը՝ Փառուխը օկուպացնելու և դեպի Քարագլուխ առաջանալու համար: Խաղաղապահները ի վիճակի չէին որևէ կերպ խոչընդոտել ադրբեջանցիների այս գործողությունները:

Մարտի 24-ից հետո շփման գծի այդ հատվածում տեղի են ունեցել մարտեր: Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո առաջին անգամ մարտերի ընթացքում օգտագործել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը: Հայկական կողմը ունի երեք զոհ և տասից ավելի վիրավոր:

Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հասցեական հայտարարություններով են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները: Միացյալ Նահանգները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից իրականացվող զորքերի տեղաշարժով և որակել են դա որպես «անպատասխանատու ու սադրիչ»: Ֆրանսիան մտահոգություն է հայտնել ադրբեջանական զորքերի առաջխաղացմամբ և կոչ է արել Բաքվին վերադարձնել իր զինված ուժերը այն դիրքեր, որոնք սահմանված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 26-ին իր պաշտոնական կայքում հրապարակել է հաղորդագրություն, որում մեղադրել է Բաքվին նոյեմբերի 9֊ի հայտարարության պայմանները խախտելու մեջ և կոչ է արել ադրբեջանական զորքերին վերդառնալ ելման կետեր:

Չափազանց կարևոր է, որ Ռուսաստանի ու Արևմուտքի այս աննախադեպ դիմակայության պայմաններում Մինսկի խմբի համանախագահ երկրները շարունակում են միանման դիրքորոշումներ հնչեցնել Ղարաբաղյան հարցով: Այնուամենայնիվ, նմանատիպ հայտարարությունները բավարար չեն Ալիևի ռազմական ոտնձգությունները կանգնեցնելու համար:

Այս փուլում կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը, և ինչպիսի քայլերի կարող է դիմել Բաքուն մոտ ապագայում:

Ադրբեջանը այս նոր էսկալացիայով հետապնդում է թե մարտավարական, թե ռազմավարական նպատակներ: Մարտավարական մակարդակում ադրբեջանցիները փորձում են օգտագործել ռուս-ուկրաինական պատերազմը և որոշակի ձեռքբերումներ ունենալ գետնի վրա: Այդ առումով նրանց համար այս փուլում առաջնային նպատակ էր Քարագլուխ կոչվող տեղանքը վերահսկողության տակ վերցնելը:

Հատկանշական է նաև, որ ռազմական գործողություններին զուգընթաց Ադրբեջանը նաև ակտիվ քարոզչական պատերազմ է տանում Հայաստանի ու Արցախի դեմ՝ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր տարածելով ռուս-ուկրաինական պատերազմում հայկական ներգրավվածության մասին: Դրանով Բաքուն ցանկանում է Հայաստանին ու Արցախին ներկայացնել որպես ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանին աջակցող կողմ և մեղմել սեփական գործողությունների միջազգային արձագանքները:

Ադրբեջանի մարտավարական նպատակները, սակայն, Քարագլուխ տեղանքի վերահսկողությամբ չեն սահմանափակվում: Միջազգային լուրջ հակազդեցության բացակայության դեպքում Բաքուն կարող է ավելի մեծ ռազմական սադրանքի գնալ և փորձել նվաճել Ասկերանի շրջանի մի շարք այլ գյուղեր՝ փորձելով նաև վերահսկողություն հաստատել Ստեփանակերտը Արցախի որոշ շրջանների հետ կապող մի շարք ճանապարհների վրա:

Ավելի մեծ էսկալացիայի վտանգը մեծացնում է նաև այն հանգամանքը, որ ռուս խաղաղապահ առաքելությունը վերջին օրերի ընթացքում ի վիճակի չի եղել գործուն քայլեր ձեռնարկել Փառուխի ու Քարագլուխ տեղանքի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ: Ռուսաստանի կարողությունների ու առաջնահերթությունների վերաբերյալ Ալիևի ընկալումները կարող են դրդել նրան նոր ռազմական սադրանքի գնալ:

Ադրբեջանի ռազմավարական նպատակները ավելի ակնհայտ են: Այդ մասին բազմիցս արդեն խոսել ենք: Բաքուն Արցախում վարում է սողացող էթնիկ զտման քաղաքականություն, որի վերջնանպատակը տարածքի ամբողջական հայաթափումն է: Ադրբեջանի իշխանությունների համար գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման մեկ բանաձև՝ տարածք առանց բնակչության:

Բաքվի մյուս ռազմավարական նպատակը, որն ուղղակիորեն փոխկապակցված է առաջինի հետ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների արձանագրումն է իրավաքաղաքական դաշտում: Պատահական չէ, որ էսկալացիայի այս ալիքը սկսելուց առաջ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել ու հետո հրապարակել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները կամ սկզբունքները, որոնցում որևէ ուղիղ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կամ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Առաջնագծում իրավիճակ սրելով՝ Բաքուն փորձում է նաև ռազմական ճնշման միջոցով հասնել իր համար նախընտրելի դիվանագիտական լուծումների:

Մեկնաբանել