Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու հարց օրակարգում չկա։ ՍիվիլՆեթի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը։

«Այո, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն ինչպես գիտեք նման հանդիպում տեղի չի ունեցել և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա»,- նշեց Հունանյանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր՝ մարտի 31-ին, հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ցանկացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել, սակայն այն իրականություն չի դարձել։

«Հայասատնի ԱԳՆ ղեկավարը Անթալիա էր ժամանել: Ես ցանկանում էի, որ եռակողմ հանդիպում կայանար (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև – խմբ․), սակայն Անթալիայում դա հնարավոր չեղավ»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեկնաբանել