Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, շեշտադրվել է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծումը: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։