ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Մարտի 31-ին Հայաստանում հավատարմագրված Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են Հայաստանի պաշտպանության նախարարության ավիաբազաներից մեկը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները: Ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ բոլոր 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել էր մի նյութ, որում պնդում էր, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈւ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունը։