BBC-ի՝ Հայաստանով Ուկրաինա սիրիացի վարձկաններ տեղափոխելու պնդումներն անհիմն են

Հայկ Հովհաննիսյան

#CivilNetCheck

Բրիտանական հանրային հեռարձակող՝ BBC-ի նորությունների բաժնում մարտի 31-ին հրապարակվել է ռեպորտաժ՝ Ռուսաստանի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու մասին՝ Ուկրաինայում կռվելու համար։

Տեսանյութում վարձկան ներկայացվող անձը պատմում է, թե սիրիացի վարձկաններին հազարավոր դոլարներ են առաջարկում Ուկրաինայում կռվելու համար։

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում Հայաստանին։ BBC-ն, հղում տալով թուրքական լրատվականներին, պնդում է, որ Ռուսաստանը Սիրիայից տեղափոխել է վարձկաններին՝ Հայաստանը օգտագործելով որպես տարանցիկ երկիր։

Տեսանյութում մասնավորապես նշվում է, թե սիրիացի վարձկանները Սիրիայի Լաթաքիա քաղաքից թռել են Ռուսաստան՝ Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաք՝ միջանկյալ վայրէջք կատարելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։

Հատված BBC-ի ռեպորտաժից

Տեղեկության աղբյուրը անվստահելի է և ադրբեջանական

Լրատվամիջոցը, որին ռեպորտաժում հղում է անում BBC-ն, իրականում ոչ թե թուրքական է, այլ ադրբեջանական։ Խոսքը Haber Global հեռուստաընկերության մասին է, որը մինչ այս ևս տարածել էր կեղծ և չհիմնավորված տեղեկություններ։

Հենց Haber Global-ի կողմից է առաջին անգամ տարածվել պնդումը, թե Հայաստանը Սու-30ՍՄ կործանիչներ և օդաչուներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Լրատվականը նաև պնդել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվել Լեռնային Ղարաբաղից և տեղափոխվել Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։

Այս պնդումները հերքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Անվտանգության խորհրդի, ՀՀ պաշտպանության նախարարության, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների կողմից։ Շուտով Haber Global-ը հայտնել էր, թե իբր արդեն Սիրիայից են չորս կործանիչներ ուղարկվել Ուկրաինա՝ հայկական կործանիչներին փոխարինելու համար։

Արդեն մարտի 31-ին ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են Գյումրիի օդանավական, որտեղ համոզվել են, որ բոլոր չորս ՍՈՒ-30ՍՄ կործանիչները տեղում են:

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Թուրքիայում հեռարձակվող Haber Global հեռուստաընությունը պատկանում է ադրբեջանական Global Media մեդիա հոլդինգին, որում ներառված են նաև Media.az և Oxu.az կայքերը:

Էկրանակադր հեռուստաընկերության պաշտոնական կայքից

Սիրիացի վարձկաններ տեղափոխելու պնդումը անհիմն է

«Թուրքական» մեդիայի տեղեկությունները, որին հղում է անում BBC-ն, իրականում հիմնված է ընդամենը ադրբեջանական Haber Global-ի՝ սեփական «հետախուզական աղբյուրների» վրա և փաստական ապացույցներ չեն ներկայացվում։

Haber Global-ը հղում է անում «հետախուզական աղբյուրներին»

Բացի այդ, BBC-ն տեսանյութում հայտնել է, թե հայտնաբերել է այն թռիչքները, որոնցով կատարվել է սիրիացի վարձկանների փոխադրումը Ուկրաինա։ Ըստ բրիտանական գործակալության՝ վարձկանների ենթադրյալ փոխադրումը կատարվել է Ուկրաինա ներխուժումից օրեր անց՝ RA-85041 գրանցման համարով ռուսական ինքնաթիռով։

Նշված գրանցման համարով օդանավի թռիչքները, համաձայն flightradar24.com կայքի, իրոք կատարվել են: Առաջինը եղել է փետրվարի 27-ին, երբ Ոուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Տու-154մ մարդատար ինքնաթիռը Սիրիայի Լաթաքիա քաղաքից ժամանել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղից մոտ չորս ժամ անց մեկնել է Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաք։

Ոուսաստանի ռազմաօդային ուժերի 223-րդ թռիչքային ստորաբաժանման «Տու-154մ»-ի թռիչքները

Կեսգիշերին օդանավը վերադարձել է Լաթաքիայի ռուսական «Խմեյնիմ» ավիաբազա, սակայն այս անգամ օգտագործելով Թուրքիայի օդային տարածքը: Արդեն փետրվարի 28-ին օդանավը «Խմեյնիմից» հայտնվել «Էրեբունի» օդանավակայանում, որը նույնպես հանդիսանում է ռուսական ավիաբազա։

RA-85041 գրանցման համարով Տու-154մ օդանավի թռիչքները

Շուրջ չորս ժամ «ընդմիջումից» հետո՝ Երևանի ժամով 18։53-ին, օդանավը մեկնել է ՌԴ Աստրախան քաղաքի «Պրիվոլժսկի» օդանավակայան, որտեղից էլ հետագայում՝ Մոսկվա։

Հատկանշական է, որ տվյալ օդանավը նույն ուղղությամբ՝ Սիրիայի Լաթաքիա քաղաքի իր ավիաբազայից դեպի ՌԴ թռիչքներ իրականացրել է նաև պատերազմից առաջ՝ առնվազն 2021-ի տարեսկզբից մոտ երկու տասնյակ անգամ։ Սակայն այս թռիչքների առկայությունը որևէ կերպ չի ապացուցում կամ հիմնավորում Հայաստանի տարածքով վարձկանների տեղափոխումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այս տեղեկությունները։ «Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը, և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»,- մարտի 31-ին հայտարարել է Փաշինյանը։

RA-85041 գրանցման համարով օդանավը

Փաստացի՝ BBC-ի կողմից նշվող օդանավի թռիչքները՝ «Էրեբունի» օդանավակայում միջանկյալ վայրէջքներով, իրոք տեղի ունեցել են, սակայն պնդումները, թե դրանց միջոցով սիրիական վարձկաններ են տեղափոխվել, անհիմն են։ Չի ներկայացվում գրեթե մեկ փաստ կամ ապացույց, որոնք հիմնավոր կդարձնեն այդ պնդումները։

Դրանք փաստացի վերցված են ադրբեջանական հեռուստաընկերությունից, որոնք մինչ արդեն տարածել էին մի շարք չհիմնավորված և կեղծ տեղեկություններ։

Մեկնաբանել