Ակնկալում ենք, որ ԼՂ կարգավորումը կմնա ԵԱՀԿ օրակարգում․ Միրզոյան

Լուսանկարը՝ Photolure-ի

Հասկանալի է, որ ուկրաինական ճգնաժամն իր վրա է սևեռում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարությունում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները ԼՂ-ում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար։ Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ»,- նշեց Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն ադրբեջանական զորքերի շարժի հետևանք է։

«Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը հայտնեց նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված խնդիրները, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման շուրջ զարգացումները։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն վերահաստատեց ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցով։

«Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն։ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Մենք վճռական ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում՝ բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար»,- ասաց Զբիգնև Ռաուն։

ԵԱՀԿ գործող նախագահը հույս հայտնեց, որ հնարավոր է առաջընթաց արձանագրել հրատապ հումանիտար հարցերում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է գերիների ազատ արձակմանը, անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանցմանը, ականազերծմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանությանը։