Կոռուպցիայի համար 2021-ին քրեական հետապնդման է ենթարկվել 25%-ով ավելի մարդ

Կոռուպցիայի համար 2021-ին քրեական հետապնդման է ենթարկվել 25%-ով ավելի մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«2021-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 2 312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1 698 անձ: 2020-ի ընթացքում 2 535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1 356 անձ: Այսինքն նախորդող տարվա ամեմատ 2021-ին վարույթում շուրջ 8.8%-ով ավելի քիչ քննված քրեական գործերի պարագայում քրեական հետապնդման է ենթարկվել 25,2%-ով ավելի շատ անձ»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Դատախազության՝ քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ․ «Նրանց թվում են, մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2 պատգամավոր, 4 նախարար, 1 փոխնախարար, 3 դատավոր, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ՀՀ ՊՆ տեղակալ, Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, 2 մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ»:

Քրեական հետապնդման են ենթարկվել նաև զինված ուժերի 107 ներկայացուցիչ։

Մեկնաբանել